Приветствую Вас Гость | RSS
 
Ամարաս, վանքային համալիր ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում: Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ:
 
1. Պատմությունը 
Համաձայն հայ պատմիչների վկայությունների` Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին: Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը: V դ. սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը: Ըստ Մովսես Կաղանկատվացու` 489 թ-ին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում` միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները: V դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ: 821 թ-ին վանքն ասպատակում են արաբները: Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության` 1293 թ-ին մոնղոլ-թաթարների Բայտու խանը կողոպտում է վանքը` որպես ավար տիրանալով ս. Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչին: Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թ-ին` Լենկթեմուրի արշավանքների ժամանակ: Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն: XV-XVI դդ. այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: XVII դ. 3-րդ քառորդին նորոգվում է Գանձասարի Պետրոս կաթողիկոսի կողմից: XIX դ. 2-րդ քառորդին Ամարասի վանքային համալիրը, որն ուներ XVII դ. կառուցված բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832-47 թթ-ին ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն: 1848 թ-ին վանքը հանձնվել է Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարին: Խարխլված եկեղեցին վերականգվել է 1858 թ-ին` շուշեցի հայերի օժանդակությամբ, 1898 թ-ին պատրաստել է շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից պատրաստվել է Գրիգորիսի նոր տապանաքար: XIX դ. վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց: Խորհրդային կարգերի հաստատումից հետո լքվել և ամայացել է: Վերաբացվել է 1992 թ-ին որպես Արցախի թեմի գործող վանք: Ամեն տարի հարյուրավուր այցելուներ է ունենում Ամարաս վանքը: Այժմ կատարվում են պարիսպների վերականգնողական աշխատանքներ:
 
2. Նկարագրությունը 
Վանքը կառուցված է հարթ տեղանքում, ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ (59x85 մ): Վանքը շրջապատում են հրակնատներով բարձր պարիսպներ, որոնց ներսից ողջ պարագծով կից գտնվում են բնակելի և օժանդակ շինություններ: Բնակելի խցերի շարքով անջատվող երկու ներքին բակերից արլևելյանը տնտեսական նշանակության է (նրա շուրջն են խմբավորված վանքի գոմը, ախոռը, մթերանոցները): Արևմտյան` ավելի ընդարձակ բակի կենտրոնում գտնվում է Ս. Գրիգորիս եռանավ բազիլիկը` երկու զույգ մույթերով: Եկեղեցու բեմի տակ գտնվում է ս. Գրիգորիսի մատուռ-դամբարանը, որն իրենից ներկայացնում է արևելքից արևմուտք ձգվող ուղղանկյուն (1,90x3,75 մ), պայտաձև կտրվածքով թաղով միանավ դահլիճ, որն արևելքում ունի խորշ և երկայնական պատերում՝ մեկական մուտք: Նախամուտքերի արևելյան պատերին քանդակված են ոճավորված արմավենիներ: Գրիգորիսի դամբարանը կառուցված է նույն հորինվածքով, որը հատուկ է Էջմիածնում Գայանեի և Օշականում Մեսրոպ Մաշտոցի V դ. դամարաններին:
 
**************************************************************************************************************************************************
Գանձասար վանական համալիր է Արցախում, Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Գանձասարի Սուրբ Յովհաննու Մկրտիչ մայր տաճարը կառուցվել է 1216 - 1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից[1]։ Գանձասարը 1400 - 1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր [2]։ Դարեր շարունակ այն եղել է Հայաստանի արևելյան գավառների կարևորագույն կրոնական կենտրոնը։ Սուրբ Հովհաննես Մկրտչի պատերին պահպանվել են աստվածաշնչային կերպարների, ինչպես նաև իշխանական տան անդամների խորաքանդակներ. Ընդհանուր առմամբ վանական համալիրում պահպանվել է շուրջ 200 հին հայերեն արձանագրություններ։ Եկեղեցու գավիթը Խաչենի իշխանների տոհմական դամբարանն է։
Հասան-Ջալալը հայտնի է եղել որպես իմաստուն, բարեպաշտ և ուսումնասեր իշխան։ Իր կառավարման սկզբնական շրջանում նա կարգավորել և ամրապնդել է իշխանության ներքին կյանքը։ Զբաղվել է նաև շինարարական գործունեությամբ։ Ամենանշանավորը Գանձասարի հռչակավոր մայր տաճարն էր, որի շինության սկիզբը դրվեց 1216-ին և ավարտվեց 1238-ին։ Վանքից հարավ՝ անտառապատ Թարխան սարի գագաթին, Հասան-Ջալալը կառուցեց Իշխանաբերդ անառիկ ամրոցը, իսկ Իշխանաբերդից հյուսիս, գեղատեսիլ, հսկա ժայռազանգվածի վրա Դարպասները՝ Խաչենի տոհմական ապարանքը։ Այս երեք կառույցները, նրանց միջև տարածվող բնակավայրի հետ միասին[4], ստանալով ընդհանուր «Գանձասար» անվանումը, այնուհետև դարձան Արցախ նահանգի իշխանանիստ կենտրոնը։ Հասան-Ջալալի հանձանարարությամբ և հովանավորությամբ Տեր-Իսրայել եպիսկոպոսը Գանձասարում ստեղծել է հայկական «Հայսմավուրքը»։ Շինարարական և մշակութային գործունեություն ծավալել նաև Արցախից դուրս։ Այսպես 1248-ին Հասան-Ջալալը վերականգնել է թաթարների ավերած Կեչառիսի վանական համալիրը։
 
*************************************************************************************************************************************************
Դադիվանք. հնագույն վանական համալիր Արցախում։ Գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Ըստ ավանդության կառուցվել է դեռևս I դարում՝ Սուրբ Դադեի գերեզմանատեղիում։ Եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։
Դարերի ընթացքում վանքի բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել՝ արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։ XII դար-ում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել է աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։ Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն, և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։ Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են XII - XIII դարերի դեպքերի մասին։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները[1][2]: Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը և քրիստոնեությունը էր քարոզում արցախահայության մեջ:
 
 
*************************************************************************************************************************************************
 
 
Սբ Եղիշե առաքյալի վանք, կոչվում է նաև Ջրվշտիկ. հնագույն վանական համալիր Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանում։ Գտնվում է Մատաղիս գյուղից ոչ շատ հեռու՝ փակված անմատչելի լեռների մեջ։ Ըստ ավանդության կառուցվել թ V դարում Աղվանից արքա Վաչագանի կողմից և այստեղ են ամփոփվել Սբ Եղիշեի մասունքները։ Փոքրիկ եկեղեցու երկու կողմերում կառուցված են յոթ կատուռներ, որոնցից մեկը, կառուցված 1286 թ. Վաչագան Բարեպաշտի դամբարանն է։ Սբ Եղիշեում է գտնվում նաև 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը:
 
 
*************************************************************************************************************************************************
Ծիծեռնավանք, վանքային համալիր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք գավառում (այժմ՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում), Աղավնո գետի աջ ափին, Ծիծառնուվանք գյուղի մոտ:
Ծիծեռնավանքի եկեղեցին աչքի է ընկնում իր ինքնատիպ հարդարանքով, վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է: Պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջիննավ: Հայկական նույնատիպ կառույցների մեջ միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է: Ներկայիս Ծիծեռնավանքն իր վրա կրում է մի քանի շինարարական փուլերի ազդեցությունը: Մասնավորապես, արտաքին պատերի ստորին՝ սրբատաշ բազալտով (7-8 շարք բարձրությամբ) մասը պատկանում է IV դարին (կամ ավելի վաղ ընկած ժամանակաշրջանին): Ըստ որոշ կարծիքների Ծիծեռնավանքի տեղում սկզբնապես եղել է հեթանոսական տաճար, որը հենց IV դարում վերածվել է եկեղեցու: V-VII դդ. հաջորդաբար ավելացվել են պատերի վերնամասը (ֆելզիտից), ավանդատները և խորանը՝ սյունազարդ վերնահարկով, փայտե սյուների փոխարեն՝ կամարաշարերը: Ծիծեռնավանքի բազիլիկի առանձնահատկություններից են արմևմտյան ճակատում մուտք չունենալը (որը հատուկ է հեթանոսական տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին), խորանի վերևի կամարակապ սրահը (եզակի է հայկական ճարտարապետության մեջ), բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն: Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների, ներսը վաղ միջնադարի հայկական այլ ճարտարապետական հուշակոթողների նմանությամբ հարուստ հարդարանք ունի: Մույթերը զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև ու պարանահյուս, օձակերպ քանդակներով, ուղղանկյան մեջ ներգծված ութճառագայթանի աստղերով (նման հարդարանքը հանդիպում է V դ. 2-րդ կեսին կառուցված Տեկորի, Երերույքի, Փարպիի, Ամարասի բազիլիկ եկեղեցիներում): Հյուսիսային պատին պահպանվել է որմնանկարի մի հատված՝ երկու սրբերի պատկերով:
Պահպանվել է որոշ վարդյակների ու մույթերի խոյակների վրա կարմիր ներկը:
 Ծիծեռնավանքը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի կողմից Սյունյաց վանքերի անվանացանկում: 1633թ. կառուցվել են Ծիծեռնավանքի պարիսպները՝ կամարակապ մեծ դարպասով, հարավային կողմում՝ սեղանատունը, 1779թ. եկեղեցին նորոգվել է: Մինչև XX դ. եղել է գործող վանք (պատկանել է Տաթևի վանքի թեմին՝ «Ծիծեռնակու սուրբ վանք» անունով) և մեծ ուխտատեղի, որտեղ Համբարձման և Սուրբ Խաչի տոներին ողջ Սյունիքից ուխտավորներ են այցելել:
 
 
*************************************************************************************************************************************************

 
Меню сайта
ՄՏՆԵԼ
ԶԱՄԲՅՈՒՂ
Ваша корзина пуста
Block title
ԳՈՎԱԶԴ
ԳՈՎԱԶԴ
Block title
Block content
ՓՆՏՐԵԼ