Приветствую Вас Гость | RSS
Главная » Статьи » Мои статьи

ԱԶՈԽԻ ՔԱՐԱՆՁԱՎ
               
Անդրկովկասի ամենամեծ քարանձավը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերի արանքում։ Ճիշտ է, Ազոխ կոչվող այդ քարանձավի մասին հիշատակել են հին պատմիչները, բայց նրա գաղտնիքները դարեր շարունակ անհայտ էին մնում։ Եղիշեի պատմությունից իմանում ենք, որ Վարդանանց պատերազմի ժամանակ այստեղ պատսպարվել են «հայ տիկնայք ու երեխաներ»։
Թաթար-մոնղոլական արշավանքների մռայլ տարիներին Ամարասի վանականները Ազոխի քարանձավին են պահ տվել հոգևոր մշակույթի արժեքավոր շատ գանձեր։ Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին տակտիկական նկատառումներով այս քարայրում են թաքնվել Դիզակի քաջ կամավորականները և այստեղից թիկունքային շեշտակի հարված հասցրել թշնաման։ Սակայն բոլոր դեպքերում էլ խորհրդավոր քարանձավը մնացել է առեղծված։
Եվ ահա հնագետներին հաջողվեց առաջին անգամ «զբոսնել» քարայրի հավերժական մթության դատապարտված ընդարձակ «պալատներում» ու ստորգետնյա «տնտեսություններում», բնական աննման «պատկերասրահներում» ու յուրօրինակ գաղտնարաններում։ Անդրկովկասում առաջին անգամ նրանք տեսան նախամարդու «խոհանոցը»։ Նրանց է բախտ վիճակվել անցնել այն ուղիներով, որոնցով վերջին անգամ դուրս են եկել այդ քարանձավի հեքիաթային պալատների վերջին ժամապահները: Նրանց բախտ է վիճակվել հայտնաբերել «չղջիկների պալատը», հին քարե դարի մարդու գանգի կափարիչը, այդ ժամանակվա բուսական և կենդանական աշխարհի բրածո մնացորդներ, նախամարդու արվեստի հետքեր և այլն։
Այդ բոլորը գիտական նշանակություն ունեցող նյութեր են, որ ուսումնասիրվում, մշակվում ու ներկայացվում են գիտական աշխարհին։
Ի դեպ, տողերիս հեղինակին նույնպես բախտ է վիճակվել նախամարդու հետքերով շրջագայելու քարայր-բնակավայրի «պողոտաներով», տեսնել ժայռափոր պալատներն ու մենախցերը, այն էլ էլեկտրական լույսերով ողողված։
Սկզբում, արևմտյան անցքով դեռ 10 մետր չգնացած, «ճանապարհը» միանգամից նեղանում է, ստիպում առաջ շարժվել սողալով։ Մարդ մի պահ հուսահատվում է։ Սակայն դա երկար չի տևում։ Ահա և կախարդական առաջին «տաճարը»։
Առաջին հայացքից չես հավատում աչքերիդ, մի պահ թվում է, թե ընկել ես հեքիաթային աշխարհ։ Էլեկտրական հզոր լամպերի լույսերի ծովում շողշողում են շքեղ պալատի նույնքան շքեղ բնական զարդարանքները։
Հսկա, շրջանաձև սրահը, որի լայնությունը 25 մետր է, բարձրությունը՝ 2,5, իսկ կենտրոնական մասում՝ 10 մետր, ունի խորդուբորդ հատակ։ Երևում է, որ ոչ վաղ անցյալում այստեղ գիշատիչ կենդանիների ոհմակ է ելք ու մուտք արել։ Պատերն անհարթ են, ասես կծկված օձերից են շարված։
Սյունաձև ստալակտիտներն ու ստալագմիտները սառցե վիթխարի լուլաների նման կախված են ծայրամասերից։ Շատ հետաքրքիր ու արտակարգ գեղեցիկ է այն ստալակտիտը, որ 10 մետր երկարությամբ ձգվում է հորիզոնական ուղղությամբ։ Արտակարգ հուզիչ ու հոգեզմայլ է ստալակտիտների ծայրերից դանդաղ հոսող «արցունքների սիմֆոնիան»։
Առաջին անգամ այստեղ հայտնաբերվեցին 300 հազար տարվա վաղեմություն ունեցող քարե գործիքների մնացորդներ, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանել են սինանտրոպին։ Սա անառարկելի ապացույցն է այն բանի, որ Կովկասը եղել է նախամարդու ձևավորման վայրերից մեկը։
Այս սրահի տարբեր մասերից սկիզբ ենառնում, կամ գուցե այստեղ են վերջանում, չորս անցքեր։ Դրանցից միայն մեկը՝ դեպի արևելք գնացող, բարձրանում է, իսկ մնացածները իջնում։ Մեր ուղեկիցը 5000 մոմանոց ջահը շրջում է դեպի արևելք, 45 աստիճան թեքությամբ բարձրացող ուղին՝ «փողային անցքը»։
Մոտավորապես 17—20 մետր կուզեկուզ, մերթ աջ, մերթ ձախ անցնելով դեմ առանք մի ժայռի։ Այստեղ, ինչպես իմացանք մենք, վերջանում է փողանցքի առաջին աստիճանը և 75 աստիճան թեքությամբ սկսվում է նրա երկրորդ աստիճանը։ Մեր ուղեկիցը կատակով ասաց. «Նա, ով բարձրանա երկրորդ աստիճանով, կամ ետ կդառնա, կամ ոչ»։ Ճանապարհը խիստ ուղղահայաց էր։ Ցեխոտ, նեղ անցքի մեջ ընկած քարը գրեթե անանցանելի էր դարձնում։ Միջին նորմայից ավելի գեր մարդիկ այստեղ արդեն, ինչպես ասում են, անելիք չունեն։ Դրա համար էլ գոյություն ունի առաջին պալատը, որ քարե դարում երևի կոչվել է «գեր մարդկանց պալատ»։
Մի կերպ՝ կողքի ընկած, սողալով վեր բարձրացանք երկրորդ աստիճանը և դարձյալ թեքվելով աջ ու ձախ, դուրս եկանք երկրորդ սրահը։
Առաջին բանը, որ մեր ուշադրությանը գրավեց, անթիվ-անհամար չղջիկներն էին։ Վերև նայեցինք։ Չղջիկները, ինչպես մեղուները ձագահանման ժամանակ, կուտակվել էին իրար վրա և կպել բավականին ընդարձակ սրահի առաստաղին։ Որպեսզի ընթերցողը լրիվ պատկերացում կազմի չղջիկների քանակի մասին, ավելորդ չենք համարում նշելու, որ նրանց արտաթորանքից գոյացել էր փոքրիկ բլուր ավելի քան 150 քառակուսի մետր տարածություն ունեցող սրահի կենտրոնական մասում։ Թե ինչով են նրանք սնվում, կենսաբանական ինչ գործոններ են ազդում նրանց աճի ու զարգացման վրա, մեզ անհայտ մնաց։ Դա հատուկ քննության հարց է, որ պետք է գրավի կենսաբանների ուշադրությանը։
Սովետական Միության տերիտորիայում չղջիկների այս «շուկան» եզակի երևույթ է։ Ի պատիվ չղջիկների, երկրորդ այս սրահը անվանեցինք «չղջիկների պալատ»։
«Չղջիկների պալատը" դարձյալ բաղկացած էր առանձին բազմապիսի ստալակտիտներից։ Բնության անկրկնելի այս հրաշալի ստեղծագործությունների պատմության ակունքները գնում-կորչում են հարյուր միլիոնավոր տարիների խորքերը։ Այն առաջացել է աստիճանաբար, ջրի զորավոր ուժի ներգործության շնորհիվ։
«Այդ վիթխարի ստալակտիտներն ու ստալագմիտները,— գրել է հնագետ Մ. Հուսեյնովը,— մեզ պատմում են ոչ միայն բնության գործողությունների, այլև բուն քարանձավի հնության մասին"։
Ընդարձակ սրահներից մեկում հայտնաբերվել են նախամարդու տարբեր տեսակի աշխատանքի գործիքներ, կայծքարի պրիմիտիվ սղոցներ և քերիչներ, որոնք պատրաստվել են նեանդերթալյան մարդու ձեռքերով և օգտագործվել են որսի ժամանակ, ինչպես նաև կենցաղում։
Մեր շուրջը վխտացող չղջիկները պարզապես վախեցրին մեզ, ու մենք չկարողացանք մանրամասն դիտել սրահի ներքին կահավորանքները։ Ուստի, քանի ուշ չէր, հրաժեշտ տվինք «չղջիկների պալատին» ու շարունակեցինք առաջ գնալ։ Զարմանալի բան, ճանապարհն այստեղ ուղիղ էր, նույնիսկ կարելի է ասել՝ բարեկարգ։ Ըստ երևույթին, ճանապարհի այս հատվածում մարդու ձեռքը ժամանակին իր գործը կատարել է։ 25 մետր անցնելուց հետո մեր առաջ բացվեց մեկ ուրիշ սրահ։ Շղթաքարերով քմահաճորեն զարդարված կամարների անֆիլադան բավականին բարձր է։ Վիթխարի պալատի հատակը ունի զառիթափ վայրէջքներ, խճճված անցքեր, աստիճաններ, պատերի երկայնքով փորված փոսեր, կրակատեղեր և պատին կպած հողե նստատեղեր։ Հատակը համեմատաբար թաց է, տեղ-տեղ կան փոքրիկ լճակներ, ուղղահայաց անցքեր, գետնից վեր բարձրացող սրածայր ստալագմիտներ։ Պատերը նման են մեղրաթերթերի։ Այստեղ գտնվել են կավից պատրաստված տարբեր տեսակի իրեր, հղկված քարեր, կենդանիների հարյուրավոր ոսկրեր։ Ամենաուշագրավը ծղոտե անցուղին է։ Պետք է ենթադրել, որ հին ժամանակներում, մարդիկ ստորգետնյա այս լաբիրինթոսը մտնելիս, իրենց ետևից ծղոտ են շաղ տվել, որ ետդարձին չմոլորվեն։
Բանից պարզվում է, որ քարայրի առաջին բնակիչները բավական բազմազան են եղել։ Նրանց խոհանոցային մնացորդների մեջ գիտնականները հաշվել են մեծ քանակությամբ կենդանիներ, որոնց ցեղատեսակները այժմ գոյություն չունեն։ Աշելյան նախա– նեանդերթալցիների խնջույքասեղանին էին դրվում այնպիսի խորտիկներ, ինչպիսիք են քարանձավային արջերը, որոնք իրենց չափերով ներկայիս արջերին գերազանցում էին գրեթե երկու անգամ, երեք մետրանոց եղջյուրներ ունեցող եղջերուներ, ռնգեղջյուրներ, վայրի ձիեր և բազմազան ավելի փոքր նախուտեստներ՝ գայլեր, աղվեսներ, վայրի կատուներ…
Համարյա բոլոր ոսկորները ջարդոտված են, իսկ խոշորների վրա երևում են գործիքների հետքեր, նախնադարյան գուրմանները հենց այդ ժամանակաշրջանում պարզեցին, որ ոսկրուղեղը սննդարար ուտելիք է։
Այս սրահի անկյուններում տեղ–տեղ պահպանվել են որոշ կենդանիների և բույսերի գծային կոպիտ նկարների հետքեր, որոնք, անշուշտ, նախամարդու մտքի և ձեռքի աշխատանքներն են։
Անունների պայմանական հանգամանքներից օգտվելով, այս սրահը «աշխատանքի պալատ» անվանեցինք։ «Աշխատանքի պալատից» տարբեր ուղղություններով բազմաթիվ անցքեր են երևում։
Մայրուղուց մի քանի արահետներ են սկիզբ առնում և, եթե չլինեին հետազոտողների հետքերը, մարդ անպայման կմոլորվեր։ Այդ հետքերը մեզ հասցրին մի փոքր, բայց անսպասելի սրահ, որի տարածությունը կլիներ հազիվ 30 քառակուսի մետր, իսկ բարձրությունը` 4—5 մետր։ Ի տարբերություն մյուսների, սա հարթ է, չոր, կաթոցներ գրեթե չկան, ունի միայն մի մուտք և ամենից գլխավորը` մարդու աշխատանքի հետքերը այստեղ շատ են զգացվում։ Շատ հավանական է, որ այս մենաստանը գաղտնարան կամ թերևս պահեստ եղած լինի։ Այդտեղից դուրս գալով թեքվում ենք հարավ–արևմուտք։ Այդ պահին ինչ-ինչ պատճառներով մարում է էլեկտրական լույսը։ Ինչպիսի անտանելի խավար, աներևակայելի մթություն, որի նման ոչ մի գիշեր չի լինում աշխարհում։ Լույսը վառվեց մոտ երկու րոպե անց, որ մեզ շատ ավելի երկար թվաց։ Մոտավորապես երեսուն մետր գետնուղին վերջացավ։ Մեր աչքերը խտղտացին ցերեկային անսովոր լույսից։
Այսպիսով մենք դուրս եկանք քարայրի հարավային անցքով։ Այստեղ, անցքի բերանի մոտ, 7 մետր խորության վրա մուրճի ու բրիչի օգնությամբ բնագետները և հնէաբանները հայտնաբերեցին մուստերյան մարդու՝ նեանդերթալցու ներքին ծնոտի մի խոշոր բեկոր, որը իր մեծությամբ ու ատամների դասավորությամբ տարբերվում է ժամանակակից մարդու ծնոտից։ Մանրազնին քննությունը ցույց տվեց, որ ծնոտի վրա պահպանվել են ինչպես իմաստության կոչվող, այնպես էլ երկու ուրիշ ատամների մասեր։
Ազոխի քարանձավի առաջին տիրոջ ծնոտի հայտնաբերումը գիտնականների կարծիքով, գիտական մեծ նշանակություն ունեցող փաստ է։ Մինչև այժմ այդ նախամարդու մնացորդները հայտնաբերվել են միայն երկրագնդի չորս վայրերում, ընդ որում, բոլորն էլ մեր հայրենիքի սահմաններից դուրս։ Լեռնային Ղարաբաղի պատմական Դիզակ գավառում հայտնաբերված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականության մեջ ստացել է 5-րդ համարը, իսկ ՍՍՀՄ-ում երկրորդը՝ Թեշիկթաշից հետո։ Մեր նախապատմական դիզակեցին, որն ապրել է սրանից մոտ 100-ից 50 հազար տարի առաջ, կարճ ժամանակում այնպիսի մասսայականության ձեռք բերեց, որ նրանով սկսեցին հետաքրքրվել որոշ գիտնականներ, այդ թվում նաև լենինգրադցի հայտնի պրոֆեսոր Պ. Գ. Բորիսկովսկին և վրացի Ա. Ն. Քալանթաձեն, որոնք նրան տվեցին ազոխաբնակ անունը։
Նկարագրված ստորգետնյա 4 սրահներից բացի անցյալ տարի հայտնաբերվել են երկու խոշոր սրահներ։ Այդ խորհրդավոր քարանձավի ստորգետնյա ուղիների երկարությունը ոչ լրիվ տվյալներով անցնում է 300 մետրից։ Քարանձավում հայտնաբերված են 43 տարբեր տեսակի կենդանիների ավելի քան 20 հազար ոսկորներ, ինչպես նաև ավելի քան 6000 քարե գործիք ու պիտույք։
Քարանձավում հայտնաբերվել է նաև միջնադարյան քարակերտ շինության մնացորդներ։ Բացի դրանից, բոլորովին վերջերս, քարայրից 3 կմ հարավ-արևելք, Մեծ-թաղլարցի մարշալ Ա. Խանփերյանցի (Ս. Խուդյակով) անվան խաղողագործական սովխոզի Ուրաշեն կոչվող հանդամասում, 80 մետր խորության վրա հիդրոշինարարները հայտնաբերեցին քարայրից սկիզբ առնող ստորգետնյա բավական մեծ գետ։
«Գանձերի քարանձավը" դեռ իր բոլոր գաղտնիքները չի բացել։ Քարե այդ խոշոր բնակավայրը, որ 100 հազար տարիների պատմություն ունի, աստիճանաբար բացահայտվում է։

Շահեն Մկրտչյան- Հին Քարեդարյան բնակավայր Արցախում

"ԳԱՐՈՒՆ" , 1972 , ԹԻՎ 5


  
Категория: Мои статьи | Добавил: Crow-Big-Black (2011-05-27) | Автор: Շահեն Մկրտչյան
Просмотров: 3662 | Теги: Ազոխ, Ազոխի քարանձավ, զբոսաշրջություն, ՈՐՎԱՆ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
ՄՏՆԵԼ
ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ
Мои статьи [5]
Block title
ԳՈՎԱԶԴ
ԳՈՎԱԶԴ
Block title
Block content
ՓՆՏՐԵԼ