Приветствую Вас Гость | RSS
Главная » Статьи » Мои статьи

Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարան
   
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը ԼՂՀ պատմամշակութային այն միակ օջախն է, որտեղ ներկայացվում է Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Իր հիմնադրման պահից՝ 1939 թ., թեկուզև Խորհրդային Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության պայմաններում, ապա և, նրա իսկ կողմից Լեռնային Ղարաբաղին պարտադրված պատերազմի թոհ ու բոհում թանգարանը կարողացել է հավաքագրել ու պահպանել ազգի դիմագիծը ներկայացնող նյութական ու հոգևոր արժեքներ: Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահոցներում և ցուցադրության մեջ ընդգրկված են ավելի քան 50 հազար պատմամշակութային արժեքներ, որոնց գոյությունն ու նրանցում արտացոլված տեղեկատվությունը փաստում են մեր արմատներն ու կենսագրությունը: Թանգարանի ցուցադրությունը սկսվում է Արցախի բնաշխարհը պատկերող հետաքրքիր տեսարաններով, որին հաջորդում է հնագիտության բաժինը: Այստեղ ցուցադրված նյութերի մեջ մասնավորապես ընդգրկված են բնության քարացած նմուշներ, ամենավաղ քարեդարյան գործիքներ (հատիչներ), բրոնզե ամենատարբեր իրեր (զարդարանքներ, հմայիլներ, զենքեր), Ուրարտական ժամանակներից պահպանված զարմանահրաշ զարդագոտիներով կավանոթներ, հայկական, հռոմեական, պարսկական, արաբական ծագման արծաթե ու պղնձե րամներ և այլն: Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության ոլորտում ներառված էր նաև Արցախը, որտեղ էլ նա հիմնադրել է առաջին եկեղեցիներից մեկը՝ Ամարասը, որի լուսանկարի և համապատասխան քարտեզի ցուցադրությամբ սկսվում է թանգարանի միջնադարյան բաժինը: Իր ողջ պատմության ընթացքում արցախահայությունը ստիպված է եղել պայքար մղելու մեկը մյուսի ետեվից երկրամաս ներխուժող այլադավան ավարառու ցեղերի դեմ: Արցախում բազում դարերի ընթացքում կառուցվել են բերդեր ու ամրոցներ, որոնց մասին հետաքրքիր վկայություններ կան համապատասխան բաժնում: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև ազգագրության բաժինը, որտեղ ցուցադրությունը սկսված է արցախցու նահապետական ընտանիքի (տատիկը ճախարակով թել է մանում, իսկ պապիկը իր մշակած կաշուց տրեխ /կոշիկ/ է կարում) տեսարանով, ապա նաև ցուցադրված են գորգագործական հին դազգահ ու արցախյան ձեռագործ՝ 18-19-20-րդ դարերի գորգեր, կարպետներ, հնաոճ վարագույրներ, ասեղնագործ իրեր, տարազային հագուստ, արծաթե հնաոճ զարդարանքներ, գոտիներ և այլն: 19-րդ դարում հայ մշակույթի նշանավոր կենտրոններից էր Շուշին, որի մասին են պատմում ցուցադրված ավետարանները, հին տպագիր գրքերը, լուսանկարները: Փաստագրական նյութերով առավել ահրուստ են նոր և նորագույն բաժինները, որտեղ ներկայացվում են արցախահայության մղած ազգային ազատագրական պայքարը ադրբեջանի դեմ 1918-21 թթ.: Առանձին մեծ հետաքրքրություն են ներկայացնում արցախյան-համազգային շարժումը, Ղարաբաղյան ազգային ազատագրական պատերազմը, հետպատերազմյան շրջանում ողջ աշխարհի հայության համատեղ ջանքերի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հանրապետության կայացման ու ամրապնդման մասին պատմող թանգարանի վերջին բաժինները: Այսօր, հաշվի առնելով այն բացառիկ դերը, որ ունի Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը՝ արցախահայության ակունքների և պատմական ուղու գիտականորեն պարզաբանման ու հանրությանը ըստ պատշաճի ներկայացնելու գործում, նաև՝ մեր ազգային արժեքների պահպանման ու սերունդներին ժառանգման, օրեցօր զարգացող զբոսաշրջության ոլորտում թանգարանի կենտրոնական տեղի և դերի ապահովման, տուրիստական ծրագրերի մեջ նրա ավելի հիմնավոր ընդգրկման համար, թանգարանը աշխատում է իր ողջ կարելիություններով, առանձնակի ուշադրություն դարձնելով նաև էքսկուրսիաների հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով հնարավորինս բարձր մակարդակով ներկայացնելով բոլոր այցելուներին:  
Տնօրեն՝ Մ.Բալայան


Источник: http://www.nkrarchives.com/
Категория: Мои статьи | Добавил: Crow-Big-Black (2011-05-27) | Автор: ԱՊԵԳԹ
Просмотров: 4006 | Теги: պատմա-եկրագիտական թանգարան, զբոսաշրջություն, Արցախի թանգարան, թանգարան | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
ՄՏՆԵԼ
ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ
Мои статьи [5]
Block title
ԳՈՎԱԶԴ
ԳՈՎԱԶԴ
Block title
Block content
ՓՆՏՐԵԼ